«Հաստատվել են կրթաթոշակի առավելագույն չափերը, և վստահ ենք՝ գրեթե ամբողջությամբ կկարողանանք փոխհատուցել սովորողների ուսման վարձը և շատ արագ վերականգնել ուսանողների կրթության իրավունքը: Մեզ արդեն իսկ դիմել են ավելի քան 500 ուսանողներ՝ բուհական համակարգից և նույնքան էլ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգից: Այս որոշումն արդեն իսկ պահանջված է, քանի որ սրանով կարգավորում ենք նաև ուսանողների տեղափոխման հնարավորությունը՝ սահմանելով կարգավորումներ փաստաթղթերի և կրթական ծրագրերի տարբերությունների մասով: Քանի որ մենք ունենք նաև մարզային ուսհաստատություններ, հատկապես մեծ թվով քոլեջներ և ուսումնարաններ, այս պահին ուսանողները կկարողանան ընտրել իրենց փաստացի բնակավայրին ամենամոտ ուսհաստատությունը: Իհարկե, որոշ հարցեր կախված են նաև մասնագիտությունից. գուցե ուսանողը սովորել է մի մասնագիտությամբ, որը չկա ամենամոտ կրթօջախում: Հենց այդ պատճառով ենք գնացել կրթաթոշակի տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդիկ հասկանան, որ ունեն այդ գումարը և համապատասխան ուսհաստատություններից ընտրեն ամենամոտը: Ուսումնական հաստատություններին հանձնարարված է, որ հնարավորինս հեշտ իրականացնեն այդ համալրումը: Այս նախագծով մենք կարգավորել ենք նաև տարբերությունների հարցերը. կան որոշ կրթական ծրագրեր, որոնցով Լեռնային Ղարաբաղում կրթություն իրականացվել է, իսկ Հայաստանում՝ ոչ կամ հակառակը: Այս բոլոր դեպքերի համար կարգավորումներ ենք տվել, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- նշել է ԿԳՄՍ նախարար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացնելով, որ ուսման վարձի փոխհատուցման գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին: