Ռիման ևս օգտվում է բարեգործական ճաշարանից, նա իր մոր հետ սեպտեմբերին է տեղահանվել Արցախից։ Ռիման պատմում է, որ 1992թ․ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Շուշիից են տեղահանվել, Կապանում ու Քաջարանում են ապրել, 15 տարի որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի աշխատել է դպրոցում։ 2020թվականին կրկին հետ են վերադարձել Արցախ։ Արցախի քաղաքացիություն չունենալու պատճառով այժմ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցություններից չի կարողանում օգտվել։ Մի քանի օր Ռիմայի մայրը Գորիսի բժշկական կենտրոնում մնալուց հետո տեղափոխվել է Կապանի հոգեկան առողջության կենտրոն։ Անօթևան մնացած կինը նեղսրտում է, որ մայրն այլևս իր կողքին չէ։ «Բլոկադայի ընթացքում, երբ շատերը հաց չունեին, ես ստեղծում էի։ Էնտեղ, որ գոնե մի փոքր գումար էի ստանում, կարողանում էի գլուխս պահել․ մնալու տեղ ունենամ՝ կաշխատեմ, բայց՝ չունեմ»,–ասում է Ռիման։ Հիմա ոչ մի տեղից եկամուտ չունի, միայն մոր թոշակն է, որ պիտի ստանա և ուղարկի հոգեկան առողջության կենտրոն՝ խնամքի համար։ Մի քանի օր է, ինչ Շուշիի հին հարևանի տանն է մնում Ռիման, հույս ունի, որ մի ելք կգտնվի։