Բնակարանային ապահովվածության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ

Գարրի Ազարյանը կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ 2020թ․Հադրութի շրջանի Արևշատ գյուղից է տեղահանվել։ Երկու ամիս բնակվել են Գորիսի հյուրանոցներից մեկում, այնուհետև տեղափոխվել են Վերիշեն գյուղ, քանի որ քաղաքում վարձակալական վճարները բարձր էին։ Ընտանիքը 1988թ․ տեղահանվել է Բաքվից, բնակություն հաստատել Հադրութի Արևշատ գյուղում, որտեղից էլ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո ստիպված էր Հայաստան տեղափոխվել։ Սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստան են տեղափովել նաև նրա մայրն ու եղբայրը՝ իր ընտանիքով։Մայրը՝ 72–ամյա Ռոզա Ազարյանը, ով Գարիի տանն է հիմա ապրում, ասում է․ «Տուն էինք կառուցել, որ պիտի նորմալ ապրեինք, էդ էլ նորից մեզ դուրս հանեցին Արցախից։ Հիմա էլ ու՞ր գնամ, գնալու տեղ չունեմ, չորս երեխաներս բոլորն էլ փախստական են»։
Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով, որով նախատեսվում է նպատել Արցախից տեղահանվածների բնակարանային խնդրի լուծմանը, Գարրին հավաստագիր է ստացել, բայց տուն գնել դեռ չի ստացվում, ասում է, որ առանձնատունն իրենց ընտանիքին ավելի հարմար է, որ տնամերձ հողամասը մշակեն, անասուն պահեն․«Եթե շուտ տրամադրեին հավաստագիր, գուցե կարողանայի էդ գնով տուն գնել։ Վերջին շրջանում տների գինը բարձրացել է, 10 միլիոն դրամի սահմանում առանձնատուն գնելու համար պետք է վարկ վերցնեմ, բայց բանկերի տոկոսադրույքները բարձր են։ Բնակարան փնտրում է նաև Քարահունջ, Խնձորեսկ գյուղերում, բայց դեռևս չի հաջողվում։ Հերթով թվարկելով մատներն է ծալում ու ամսական ծախսերը հաշվարկում, թե կոմունալների, տան վարձը վճարելու համար ամսական որքան գումար են ծախսում, նաև վառելափայտի համար։

«
«Գումարում ես, մի լավ աշխատավարձ է, եթե 150 հազար աշխատավարձ ստանամ՝ պիտի բերեմ էդ կոմունալների, տան վարձը տամ ու դատարկաձեռն տանը նստեմ։ Հիմա 300 հազար աշխատավարձ չեն տալիս Գորիսում, էդքան բարձր աշխատավարձ չկա, հազիվ 150 հազար դրամ է»,– ասում է նա։ Մինչ պատերազմն իրենց գյուղում աշխատում էր, անասուն պահում, հող մշակում։ Գորիսում էլ մշտական աշխատանք չունի, հազիվ օրվա հացն է ապահովում։«1991թ․ մեր գյուղում 180 ընտանիք էր ապրում,պատերազմի օրերին տարհանելուց հետո մեծ մասն այլ երկրներ է տեղափոխվել՝ Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն։ Բռնի տեղահանությունից հետո էլ ոմանք մեկնել են Հայաստանից գնացել, բայց, եթե մարդկանց աշխատանքով ապահովվեն՝ բոլորը կմնան հայրենիքում»,–ասում է Գարրին։


«Ինձ Գարրին է օգնել, որ Խնձորեսկից մի քանի խոճկոր ու խոզ գնեմ, ես էլ պետք է էստեղ մնամ ու աշխատեմ»,– զրույցին միջամտում է Մարտունու շրջանի Գանձասար գյուղից բռնի տեղահանված Կրոմվել Ավանեսյանը, ասելով, որ հնարավորություն դեպքում սեփական տուն կգնի ու կմնա Գորիսում։ Պատմում է, որ իր ընտանիքը տեղահանության օրերին դուրս էլ եկել Արցախից, ինքն էլ դժվարությամբ է հեռացել Գանձասարից, մայր հողը լքել չէր ցանկանում։ էնտեղ մեծ ֆերմա ուներ․ «Մի ծանոթ տղա կար, ասաց, որ թուրքը գյուղ է մտել՝ վիզդ կտրելու են, եթե մնաս։ Ինձ գցել են մեքենա ու Ստեփանակերտի օդանավակայան տարել, մի երկու օր մնացի, հետո ավտոբուսով եկա Հայաստան։ Չեմ պատկերացրել, որ մեզ կհանեն, էնքա՜ն բան ունեի էնտեղ։ Անդադար աշխատել եմ, ոչ մի գիշեր հանգիստ չեմ քնել, շատացրել եմ, մեծացրել ֆերմաս ու էդ բոլորը թողել էնտեղ»։ Ֆերմայում էր, երբ ադրբեջանցիները հրետակոծում էին իրենց գյուղը, այդ ժամանակ էլ վիրավորում է ստացել ոտքի հատվածում։ Գորիսի հիվանդանոցում են բեկորը ոտքից հանել։


Կրոմվելն ընտանիքի հետ մի անգամ էլ 1992թ․Վերին Հոռաթաղից է տեղահանվել։ Այժմ կինն ու երեխաներն իրենց ընտանիքներով Մեծամորում են, Գորիսում մնալ չեն ցանկանում, ասում են՝ սահմանամերձ է, իսկ Կրոմվելն ապրում է Վերիշենում վարձակալած տանը։ «Գնամ քաղաք 5-րդ էտաժում ի՞նչ անեմ, պետությունը, որ մեզ էլ մի քիչ օգնի՝ տուն կգնեմ էստեղ, կաշխատեմ, կստեղծեմ»։ Ժամանակ առ ժամանակ հարազատները մի քանի օրով Մեծամորից իրեն այցի են գալիս։

Արցախից տեղահանված Արթուր Հովսեփյանը մի քանի ամիս է, ինչ հավաստագրով երկսենյականոց բնակարան է ձեռք բերել Գորիսի Սևյան փողոցում։ Ասում է՝ էնպիսի բնակարան է ընտրել, որ լրացուցիչ գումար չվճարի։ Քաշաթաղի շրջանի Հակարիի գյուղից են տեղահանվել։ Արթուրի խոսքով՝ տուն գնելու ընթացքում դժվարություններ առանձնապես չեն եղել։ Նրա ծնողները ևս հավաստագիր ունեն, բայց հարմար տուն գնել դեռևս չի ստացվում Երևանում։

Goris Realty անշարժ գույքի գործակալության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ հավաստագիր ստացած ընտանիքների հետ իրենց գործակալության միջոցով մի շարք գործարքներ են կատարվել։ Սպասարկել են Սյունիքում նաև այլ մարզերում ու քաղաքներում, նաև գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Երևանում։ Լ․Մարտիրոսյանը դժվարանում է մտաբերել որևէ դեպք, երբ տեղահանված քաղաքացուն չի հաջողվել օգտվել հավաստագրից։ Նրա խոսքով՝ դժվարությունները ժամկետանց վարկերի հետ են կապված։ «Այժմ տասը մլն․ դրամի շրջանակներում տներ դժվար է գտնել, հիմնականում վաճառվել են, նաև կանխավճար չեն կարողանում գտնել։ Գործակալությունը համարժեք գնով բնակարաններ փորձում է գտնել այլ մարզերում՝ Վայոց Ձոր, Արարատ, Արմավիր, Տավուշ,Կոտայք։


Լիլիթ Մարտիրոսյան
Goris Realty անշարժ գույքի գործակալության տնօրեն

»
«Կար–Գետափ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Կամո Գրիգորյանի խոսքով՝ իրենց գործակալության միջոցով հավաստագիր ստացած ընտանիքների հետ կնքված գործարքները շատ են, մեծ է պահանջարկը ․«Անընդհատ այդ պրոցեսի մեջ ենք, պետք է հասցնենք։ Մարդիկ մտավախություն ունեն հավաստագրի վավերականության ժամկետի հետ կապված, որ չեն հասցնի։ Ամենամեծ խնդիրն, ըստ նրա, կապված են նախկին վարկային պարտականությունների հետ։ Նրա խոսքով, պետք ընդառաջել թոշակառուներին, որպեսզի այդքան դժվարություններ ու խնդիրներ չառաջանան․ երբեմն հարազատներից՝ թոռներից, անգամ ծոռներից որպես գրավատու են հանդես գալիս, որ գործարքը ստացվի։ Մարդիկ նաև Հարթաշեն, Խնձորեսկ, Քարահունջ, Տեղ, Շինուհայր գյուղերում են ցանկանում հավաստագրով բնակարան գնել, բայց վաճառողները երբեմն առիթից օգտվում են և շուկայականից բարձր գին նշում։


Կամո Գրիգորյան
«Կար-Գետափ» անշարժ գույքի գործակալության տնօրեն
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website